«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին, որին նախորդ օրը առեւանգել, ապա ժամեր անց կիսագիտակից վիճակում բերել թողել էին իր բնակարանի առջեւ, այս պահին վիրահատում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը:

«Արտակը ծանր մարմնական վնասվածքեր էր ստացել, քիթն էր կոտրված, վիրահատության անհրաժեշտություն առաջացավ: Սալջարդեր, կապտուկներ ունի, բայց կենսական նշանակության օրգաններին վնաս չի հասցվել»,- ասաց Արտյոմ Խաչատրյանը՝ նշելով, որ բժիշկները եղբոր վիճակը գնահատել են միջին ծանրության:

Արտյոմ Խաչատրյանը նշեց, որ թեեւ եղբայրը գիտակցության էր եկել, բայց դեպքի մասին դեռ շատ բան չի պատմել, միայն ասել է, որ իրեն անընդմեջ ծեծել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունվարի 7-ին՝ ժամը 19։00-ի մոտ, Արտակ Խաչատրյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Դրանից մոտ 40 րոպե առաջ Արտակ Խաչատրյանին, որի առեւանգման մասին առավոտյան լուր էր տարածվել, եղբոր խոսքով, «ծեծված ջարդված, կիսագիտակից վիճակում» թողել էին նրա բնակարանի առջեւ ու հեռացել։

Ավելի վաղ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ին ասել էր, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: