Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առեւանգումն ու նրա նկատմամբ իրականացված բռնությունը:

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունում նաեւ ասվում է.

«Չափազանց մտահոգիչ է այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիները իրենց հասարակական-քաղաքական գործունեության համար բռնությունների են ենթարկվում:

Ցավալիորեն պետք է նշենք, որ ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ սեփական երկրում եւ ակնհայտորեն ոտնահարվում են քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված իրավունքները: Նման արատավոր դեպքերի չբացահայտվածությունն անպատժելիության մթնոլորտ է ստեղծում եւ դառնում դրանց կրկնության պատճառ:

Իշխանությունները պարտավոր են անհապաղ բացահայտելու եւ պատժելու մեղավորներին, այլապես ողջ պատասխանատվությունը մնում է հենց իշխանությունների վրա»: