«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի քթի վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն դրանից հետո նրա մոտ նոր խնդիրներ են առաջացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը՝ նշելով, որ Արտակի մոտ թոքերի սալջարդ է ախտորոշվել:

«Վիրահատությունից հետո հանգիստ բերեցին իջեցրին, հետո տեսան՝ շնչարգելություն է առաջանում մոտը, հետազոտեցին ու հայտնաբերեցին թոքերի սալջարդ: Օդ էր հավաքում թոքերում,  ծանրանում էր վիճակը, բայց հիմա ստաբիլ է, դրենաժավորում են արել, կատետրներ են դրել: Դեռ հսկողության տակ է»,- ասաց Արտյոմ Խաչատրյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունվարի 7-ին՝ ժամը 19։00-ի մոտ, Արտակ Խաչատրյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Դրանից մոտ 40 րոպե առաջ Արտակ Խաչատրյանին, որի առեւանգման մասին առավոտյան լուր էր տարածվել, եղբոր խոսքով, «ծեծված ջարդված, կիսագիտակից վիճակում» թողել էին նրա բնակարանի առջեւ ու հեռացել։

Ավելի վաղ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ին ասել էր, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։