ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը դրական եւ հաջող է գնահատել այն ջանքերը, որոնք վերջին տարիներին գործադրում է Վրաստանի կառավարությունը: Այս մասին փետրվարի 8-ին Մյունխենի համաժողովի շրջանակում Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Մենք մի շարք հարցեր ենք քննարկել եւ, առաջին հերթին, վրաց-ամերիկյան հարաբերությունները, անվտանգության եւ էներգետիկայի զարգացման հարցեր»,- Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերում «Գրուզիա Օնլայն»-ը:

Վրաստանի կառավարության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցերի:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-8-ը գերմանական Մյունխեն քաղաքում անվտանգության հարցերի միջազգային համաժողով էր անցկացվում: