Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն թափոնների համահունչ կառավարման ոլորտում: ՀՀ բնապահպանության նախարար Արամայսի Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Բարձր գնահատելով համագործակցության դրական փորձը եւ հիմք ընդունելով 2014-ին ՀՀ բնապահպանության նախարարության եւ Չեխիայի շրջակա միջավայրի նախարարությունների միջեւ ստորագրված համատեղ հռչակագիրը` կողմերը քննարկել են առաջիկա  անելիքներն ու ծրագրերը:

Դեսպան Միկիսկան առաջարկել է շարունակել համագործակցությունը վտանգավոր նյութերի եւ թափոնների համահունչ կառավարման ոլորտում, մասնավորապես, ՆԱՏՕ-ի` «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացման հիմնախնդրի լուծման համար տեխնիկական եւ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու  հարցում:

Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով այցելության եւ համագործակցության պատրաստակամության համար, իր կողմից հույս է հայտնել, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների համատեղ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունները բազում նոր ծրագրերի հիմքն են լինելու:

Այս համատեքստում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները կլիմայի փոփոխության հարմարվողականության եւ մեղմման, մթնոլորտային օդի պահպանության, հողերի պահպանության եւ ռեկուլտիվացման, Հայաստանում էկոտուրիզմի զարգացման, ԲՀՊՏ-ների արդյունավետ եւ կայուն կառավարման ոլորտներում:

Երկու երկրների բնապահպանական գերատեսչությունների ստորագրած համատեղ հռչակագրի շրջանակներում շարունակվելու է համագործակցությունը «Դիլիջան» եւ «Կրկնոշ» ազգային պարկերի միջեւ: