Խաղողի հայկական հարյուրավոր տեսակներ պետք է փրկել՝ ինչ գնով էլ լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Հաշվի առնելով, որ Արարատյան դաշտում ֆիլոքսերով վարակի նոր օջախներ են հայտնաբերվել, իսկ Գյուղատնտեսության նախարարությունը որոշել է ֆիլոքսերակայուն տեսակներ եւ արմատակալներ տարածել, վտանգ կա, որ կպաշտպանեն միայն ամենատարածված տեսակները. շուրջ 10 տեսակ՝ 400-500-ից: Իսկ մնացած տեսակներն անուշադրության կմատնվեն եւ կկորչեն:

«Դա ոչ միայն մշակութային ժառանգություն է: Վաղը կարող է ինչ-որ նոր տեխնոլոգիա հայտնվել, որի դեպքում դրանք արդյունաբերական նշանակություն կունենան: Այո, ներկայում շուկայում հիմնական եվրոպական տեսակները պահանջարկ ունեն, քանի որ ոչ թանկ հատվածում ավելի դյուրին է դրանցից բարձրորակ գինի ստանալ, որին սպառողները սովորել են: Բայց վաղն ամեն ինչ կարող է փոխվել»,- պարզաբանեց Հարությունյանը:

Հայաստանի բոլոր տեսակի կոլեկցիոն խաղողի այգիները, որոնք Գյուղնախարարության ծրագրով հիմնելու են Արարատյան դաշտում, խոցելի են այնքանով, որ դրանք տնկելու են սեփական արմատներով որթերով, այլ ոչ թե կայուն արմատակալներով:

Այդ պատճառով, ըստ մասնագետի, հարկավոր է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի Արարատյան դաշտը պահպանի տարածաշրջանում ֆիլոքսերազերծ խաղողի այգիների եզակի կարգավիճակը:

Նշենք, որ Գյուղատնտեսության նախարարության 2014 թվականի տվյալներով, ֆիլոքսերով վարակված խաղողի այգիներն Արարատյան դաշտում կազմել են 11.07 հեկտար: Հատվածային վարակված այգիներ կան նաեւ Արմավիրի մարզի շրջաններում: Վարակի առաջին օջախն Արարատյան դաշտում հայտնաբերվել է 2009 թվականին: