Ռուսաստան գինի եւ կոնյակ արտահանողները Կառավարության աջակցության կարիքն ունեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշեց, որ ռուսաստանցի գործընկերները շարունակում են դժվարանալ մատակարարումների համար վճարումների հարցում: «Մեր արտահանողները հիմա Ռուսաստան քիչ ապրանք են մատակարարում, պարզապես տեղի շուկան չկորցնելու համար»,- հավելեց Հարությունյանը:

Նրա խոսքով, խնդիրներ են ծագում ոչ այնքան ռուբլու անկման, որքան դրա փոխարժեքի անկայունության պատճառով: «Այնքան կարեւոր չէ, դոլարը 30, թե՝ 70 ռուբլի արժե, որքան գոնե մի քանի տարվա կտրվածքով արժութային միջանցքի կանխատեսելիությունը: Բոլորը սպասում են այդ կայունությանը»,- հավելեց Հարությունյանը:

Նա նաեւ հավելեց, որ եկամուտների ձգձգման պայմաններում գինեգործներին շատ կօգներ հարկային վճարումների գրաֆիկի հետաձգումը: Որոշ գինեգործներ նախընտրում են չսպասել եկամուտներին եւ դրանք փոխհատուցել գոնե փոխանակման գործարքներով, ասենք՝ շաքարավազով (թունդ խմիչքների արտադրության համար), մետաղով կամ փայտով (փաթեթավորման համար):

Նշենք, որ 2014 թվականի առաջին երեք եռամսյակում Հայաստանից Ռուսաստան կոնյակի արտահանումը կրճատվել է 10%-ով (8.311-ից հասնելով 7.482 հազար լիտրի): Մյուս կողմից, ավելացել է գինու արտահանումը (չնայած ավելի փոքր ծավալներով). 897 հազարից՝ 1.097 հազար լիտր: