ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթի վերաբերյալ Հանրապետական կուսակցությունը  հայտարարություն կանի հինգշաբթի կայանալիք՝ կուսակցության խորհրդի նիստից հետո: Այս մասին այսօր` փետրվարի 9-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այսօրվա նիստին քննարկվել է նաեւ այդ հայտարարությունը:

«Եթե գտնում եք, որ իմ գործընկերոջ ելույթն արժանի էր ուշադրության, ուրեմն անդրադարձել ենք:  Մենք քննարկել են ոչ մի այն առանձին ելույթներ, քննարկել ենք Հայստանում առկա բոլոր կարեւորագույն խնդիրները: Գործադիր մարմինը քննարկել է, ներկայացուցիչների կարծիքը հստակ է, բայց ունենք խորհուրդ, որը կուսակցության բարձրագույն մարմինն է, այդ խորհրդի հետ պետք է իրականացվեն  կարեւորագույն որոշումները:  Հինգշաբթի կլինեն  որոշումներ, որոնց վերաբերյալ հայտարարություն կլինի, կստանաք բազմաթիվ հարցերի պատասխաններ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին կայացած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում ունեցած իր ելույթում Ծառուկյանը հայտարարել է, որ «գնդակը հիմա իշխանությունների դաշտում է, բայց քայլերը չեն կարող ձգվել մինչեւ անվերջություն», հակառակ դեպքում անհրաժեշտ է իշխանափոխություն: