ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդդիմությանը խորհուրդ է տալիս «կրակի վրա յուղ չլցնել» եւ «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող ակտիվիստ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին առեւանգելու, ծեծի ենթարկելու մեջ իշխանություններին չմեղադրել: Այս մասին այսօր` փետրվարի 9-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Դա իշխանությունների ձեռագիրը չէ, սա ամենաքիչը ձեռնտու էր իշխանություններին, ավելին, նրա շահերից չի բխում, խորհուրդ կտամ իմ բարեկամներին կրակի վրա յուղ չլցնել: Չի կարելի նման ձեւով իրականացնել քաղաքական պայքար»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ ընդդիմադիր ուժերին կոչ անելով «դեմագոգիկ» հայտարարություններ չանել:

ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով՝ ՀՀԿ-ն պաշտոնապես դատապարտում է Հայաստանում բռնության ցանկացած դեպք եւ հույս ունի, որ իրավապահ մարմինները կիրականացնեն իրենց պարտականությունները եւ կպատժեն մեղավորներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան մամուլում լուրեր տարածվեցին, որ Երեւանի Տոլստոյի փողոցից առեւանգել են «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող, «Կասեցում» քաղաքացիական շարժման անդամ Արտակ Խաչատրյանին: Նույն օրը երեկոյան Արտակ Խաչատրյանին կիսագիտակից վիճակում բերել թողել էին իր տան մոտ: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, վիրահատել: Նրա վիճակը կայուն ծանր է:

Արտակ Խաչատրյանին ծեծողներին բացահայտելու եւ պատժելու պահանջով այսօր՝ փետրվարի 9-ին, պատգամավորների եւ ակտիվիստների մասնակցությամբ բողոքի ակցիա տեղի ունեցավ: