ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ժամանի Մոսկվա՝ Մեծ հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Օբամայի օգնական Բեն Ռոդսի՝ մամուլի համար արված հայտարարությունը:

«Նախագահ Օբաման չի նախատեսում այցելել Մոսկվա: Ես չեմ սպասում մեր մասնակցությունը պետության ղեկավարի մակարդակով»,-հայտարարել է Ռոդսը:

Նա վստահեցրել է, որ իր երկիրը մեծ հարգանքով է վերաբերում նացիստական Գերմանիան ջախջախելու գործում Ռուսաստանի դերին: Մասնավորապես, դա արտահայտվում է բոլոր պատմական իրադարձությունները նշելով, որոնք վերաբերում են Երկրորդ աշխարհամարտին:

«Ուկրաինայի հարցում տարաձայնությունները չեն նվազեցնում ընդհանուր պատմության կարեւոր նշանակությունը»,-ասել է նա:

Դեկտեմբերի սկզբին ՌԴ-ն պաշտոնապես հրավիրել է ԱՄՆ նախագահին այցելել Մոսկվա եւ մասնակցել Հաղթանաի օրվա միջոցառումներին: Վաշինգթոնում սկզբուն մերժել են, իսկ հետո Օբամայի վարչակազմը հերքել էր այդ տեղեկությունը: