Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանը:
Նա նշեց, որ այրված է հիվանդի մարմնի 70 տոկոսը, այրվածքները 4-րդ աստիճանի են, այրվել են շնչուղիներ, մկաններ, ինչը անհամատեղելի է կյանքի հետ: Աննա Բադալյանը միացված է արհեստական շնչառության ապարատին, բժիշկները ապրելու հույս գրեթե չեն տալիս: Նորայր Դավիդյանը նշեց, որ անգամ 20 լիտր դեղերից հետո հիվանդի երիկամները չեն գործում:
Ինչ վերաբերում է նրա որդուն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ առկա է դրական դինամիկա, գիտակցությունը տեղն է, հայրը Ռուսաստանից վերադարձել է, նստել եւ զրուցել որդու հետ: Բժիշկն ասաց, որ տղայի մոտ առկա է աջ ակնակապիճի հեմատոմա, որը կներծծվի ժամանակի ընթացքում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել հրդեհի մասին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.27-ին:
Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով (28 ք.մ): Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել 47-ամյա Ա եւ 9-ամյա Ֆ. Ն.-ներին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել)։




























