Ռոստովի ԱԷԿ-ի տեխնոլոգիական փոքր հրապարակում փետրվարի 9-ի երեկոյան ջրածնի բռնկում ու հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունից:

Հրդեհը մարվել է այսօր՝ փետրվարի 10-ի գիշերը: Տուժածներ ու ռադիացիոն աղտոտման սպառնալիք չկա:

ԱԻՆ-ում նշել են, որ առաջին էներգաբլոկից 300 մետր հեռավորության վրա ջրածնի բռնկում է տեղի ունեցել: Փրկարարները վնասված տարրը դուրս են բերել սառեցման ընդհանուր համակարգից, փակել են տեխնոլոգիական խողովակները եւ դուրս են բերել ջրածինը իներտ գազի օգնությամբ:

«INES միջուկային իրադարձությունների միջազգային սանդղակով այս դեպքը գնահատվում է որպես «մակարդակը՝ զրո, սանդղակից ցածր», այսինքն անվտանգության տեսակետից՝ ոչ էական»,-ընդգծել են ԱԻՆ-ում: