Սաստիկ ձյունը ծածկել է ԱՄՆ հյուսիսարեւելյան նահանգները: Այսպես, Մասաչուսեսթս նահանգի Բոստոն քաղաքում եւ արվարձաններում, որոնք առավելապես տուժել են բնության արհավիրքից, մեկ օրվա ընթացքում շուրջ 60 սմ ձյուն է տեղացել: Տեղացած առատ ձյան պատճառով, նախորդ շաբաթվա ընթացքում Նոր Անգլիայում բարելավվել է ձյան ծածկույթի բարձրության ամսական «ռեկորդը», որը սահմանվել էր դեռեւս 1978 թվականի փետրվարին, երբ չորս շաբաթվա ընթացքում Բոստոնում տեղացել էր 149, 35 սմ ձյուն:
Այս երկուշաբթի այդ ցուցանիշը կազմել է 156,5 սմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Վատ եղանակը հանգեցրել է հարյուրավոր ավիաչվերթների չեղարկմանը, սահմանափակվել է քաղաքային տրանսպորտի գործունեությունը, որոշ բնակելի շենքերի տանիքներ փլվել են, չդիմանալով ձյան 1,5-մետրանոց շերտի ծանրությանը: Բոստոնում գնացքները, մետրոպոլիտենը եւ մերձքաղաքային էլեկտրագնացքները դադարեցրել են աշխատանքը, եւ, ինչպես սպասվում է, այսօրվա ընթացքում կմնան կանգնած:
Ավտոբուսները գործում են միայն առանձին երթուղիներում, ընդ որում, զգալիորեն ավելացել են դրանց աշխատանքի ժամանակային ինտերվալները:




























