Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը վատթարացել է. փետրվարի 9-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ «Շտապօգնություն» է հրավիրվել:

NEWS.am-ի հետ զրույցում Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը հայտնեց, որ այժմ պատրաստվում են դիմել ՔԿՎ պետին, որ թույլ տա իր պաշտպանյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել:

«Հակոբ Հակոբյանը ցանկանում է բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ կալանավայրում համապատասխան միջոցներ չկան»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այսօր ցերեկ հանդիպելու է գործարարի հետ՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր ունի:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով:

Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին: