ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:

«Հարգելի՛ պարոն Բալայան,

Սիրելի՛ Զորի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Որպես հասարակական-քաղաքական, ազգային գործիչ եւ որպես գրող-հրապարակախոս՝ Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ հրապարակագրության զարգացման եւ հարստացման գործում՝ միշտ Ձեր ուշադրության կենտրոնում պահելով համայն հայությանը հուզող հրատապ խնդիրները:

Դուք նշանակալի ավանդ եք բերել Արցախյան ազատագրական պայքարում՝ հանդիսանալով Ղարաբաղյան շարժման ոգեշնչողներից, ղեկավարներից եւ գաղափարախոսներից մեկը: Լայն արձագանքի արժանացած Ձեր գրքերով եւ հրապարակումներով, որոնցում նաեւ մեր ազատամարտի ողջ տարեգրությունն է, նպաստում եք աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու միասնականացմանը:

Որպես ճանապարհորդ եւ բժիշկ՝ «Կիլիկիա» եւ «Արմենիա» նավերով կատարած շուրջերկրյա ճանապարհորդություններով, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պետական դրոշները պարզած հատելով ծովեր ու օվկիանոսներ, սատարել եք մեր պայքարի միջազգայնացմանը։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: