Երեւանի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով քննությունն օբյեկտիվ է ընթանում: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Գարիկ Գալիկյանը, որն այսօրվանից է ներգրավվել՝ որպես ներկայացուցիչ:

«Որեւէ խնդիր, սխալմունք այս պահին չկա, նախաքննությունը շարունակվում է: Գործի մանրամասներ այս պահին հայտնել չեմ կարող, որովհետեւ տուժողի իրավահաջորդը ստորագրել է, որ գործին վերաբերվող ոչ մի բան չի հայտնելու»,- ասաց Գալիկյանը:

Նշենք, որ տուժողի իրվահաջորդը Հայկազի հայրն է՝ Արկադի Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։ Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը ծառայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են: