Մեծ Բրիտանիան Ուկրաինայի Զինված ուժերին 1,9 մլն. դոլարի չափով նյութատեխնիկական օգնություն է ցուցաբերել: Այդ մասին է հաղորդում ՈՒՆԻԱՆ գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի Պաշտպանության նախարարության կայքը: Փոխանցված օգնության մեջ ներառված են կեվլարե սաղավարտներ, զրահաբաճկոններ, ռազմական մեքենաների համար նախատեսված քնապարկեր եւ խմբային ճանապարհային դեղատներ:
Հումանիտար օգնության մեծ մասն արդեն իսկ ուղարկվել է ռազմական միավորումներ, մասնավորապես՝ 93-րդ բրիգադի մարտիկներին: «Ստեղծված իրավիճակում մեզ համար շատ կարեւոր է Ուկրաինայի միջազգային օժանդակությունը»,- նշել է պաշտպանության նախարարի եվրաինտեգրման հարցերով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Գոլոպատյուկը:
Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Սմիթը հավաստիացրել է, որ իր երկիրը հետագայում նույնպես կօժանդակի Ուկրաինայի կառավարությանը: Հիշեցնենք, որ առաջիկայում Մեծ Բրիտանիան ուկրաինական զինված ուժերին կփոխանցի 75 հազար տոննա դիզվառելիք:





























