Քաղաքական եւ սուբյեկտիվ գործոնները միշտ խոչընդոտում են Թուրքիային Եվրամիության լիիրավ անդամ դառնալու ճանապարհին, կարծում է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմը։ Դիվանագիտական առաքելության ղեկավարը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ չնայած Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները նախաձեռնվել են դեռեւս 1963թ. եւ 1999-ից  Թուրքիան թեկնածուի կարգավիճակ ունի եւ տաս տարի առաջ է սկսել լիիրավ անդամ դառնալու շուրջ բանակցությունները, այդուհանդերձ հանրապետության իշխանությունների գործադրած ջանքերը բախվում են մի շարք խոչընդոտների։

«Թուրքիան շարունակում է եւ մտադիր է շարունակել իր քաղաքացիների եւ ԵՄ օրենսդրության պահպանման համար բարձր չափանիշներով անցկացվող բարենորոգումների գործընթացը։ Չնայած Թուրքիայի ջանքերին՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների գործընթացի արագացումն ու մի շարք քաղաքական ու սուբյեկտիվ գործոնների արգելքի հաղթահարումը հիմնական խնդիրներն են, որոնց բախվում է այս գործընթացը»,- պարզաբանել է դեսպանը։

Միաժամանակ դիվանագետը ենթադրում է, որ  Ռուսաստան-Թուրքիա երկկողմ  հարաբերությունները տարածաշրջանում որոշիչ նշանակություն ունեն։

«Մենք ամենայն լրջությամբ ենք մոտենում մեր երկկողմ հարաբերություններին եւ դիտարկում ենք ռուս-թուրքական համագործակցությունը՝ իբրեւ որոշիչ կարեւոր գործոն երկու ժողովուրդների եւ մեր հարեւանների բարեկեցության համար»,- ասել է դեսպանը։

«Երկու երկրները կկարողանան փոխշահավետ պայմաններում հասնել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Ռուսաստանը մեր հուսալի դաշնակիցն է հանդիսանում, եւ մենք կարեւոր ենք համարում զարգացնել երկկողմ համագործակցությունը անկեղծ եւ թափանցիկ հիմքի վրա»,-  հավելել է Յարդիմը։