Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը լուրջ մտահոգված է վերջին շրջանում մի շարք քաղաքական գործիչների, հասարակական ակտիվիստների, արցախյան գոյամարտի ազատամարտիկների, հասարակական կազմակերպությունների ու խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված առեւանգումների, դաժան ծեծերի եւ բռնարարքների օր-օրի սաստկացող դեպքերով: Այս մասին ՀԿԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նաեւ ասվում է.
«Բռնությունները` որպես վերաբերմունքի ձեւ, սովորական երեւույթ են դարձել ու պարբերաբար կրկնվում են: Մեզ համար անընդունելի է մարդկանց նկատմամբ բռնություններ կիրառելը, որի համար մենք մեր դժգոհությունն ենք հայտնում եւ խիստ դատապարտում ենք ՀՀ քաղաքացիներին հետապնդելու եւ նրանց նկատմամբ հակամարդկային գործողություններ իրականացնելու արատավոր գործելակերպը:
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը փաստում է, որ բռնությունները շարունակական բնույթ են կրում, քանի որ համակարգի բնորոշ հատկությունն անպատժելիությունն է: Դրանք կամ չեն բացահայտվում կամ դրանք կիրառող անձինք մնում են անպատիժ:
Մենք միանում ենք հասարակական բողոքի ձայնին եւ պահանջում պետական կառույցներից, հատկապես ՀՀ Ազգային անվտանգությունից եւ ՀՀ Ոստիկանությունից` անհապաղ եւ բազմաբնույթ միջոցառումներ իրականացնել կարճ ժամանակաշրջանում բացահայտելու եւ պատժելու բռնություն կատարողներին` Հայաստանում օրենքի գերակայություն հաստատելու համար: Երկրում չի կարող լինել ներքին թշնամանք եւ ատելություն»:





























