Մինսկում՝ Եվրասիական տնտեսական միության դատարանում, փետրվարի 10-ին կայացել է ԵՏՄ Դատարանի դատավորների երդմնակալության արարողությունը։

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել են Դատարանում,  Հայաստանից երդմնակալության արարողությանը մասնակցել են դատավորներ Արմեն Էդուարդի Թումանյանը եւ Էռնա Վլադիմիրի Հայրիյանը, որոնք նշանակվել են՝ համաձայն պետության ղեկավարների մակարդակով տեղի ունեցած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի 2015թ. հունվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության Դատարանի դատավորների պաշտոնում նշանակելու»  մասին № 3 որոշման։

Երդմնակալության արարողությանը մասնակցել են ԵՏՄ անդամ պետությունների արտակարգ եւ լիազոր դեսպանները, որոնց թվում՝ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը։

2015թ. հունվարի 1-ից Մինսկում իր գործունեությունն է սկսել ԵՏՄ Դատարանը, որի նպատակն է Միության անդամների եւ մարմինների համար ապահովել Միության շրջանակներում ընդունված, Միության ու երրորդ կողմի միջեւ կնքված  միջազգային պայմանագրերի եւ Միության մարմինների որոշումների կատարումը։