«Վերնիսաժի» գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 11-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով վկաները հակասական ցուցմունքներ տվեցին։
55-ամյա Նորիկ Սարգսյանը պատմեց, որ դեպքի օրն առեւտուր է արել «Վերնիսաժում» եւ շատ քիչ բան է տեսել, քանի որ կրակոցները հնչելուն պես թաքնվել է։
Դատախազը հակասություններ նկատեց վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ եւ միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը։ Նախաքննական ցուցմունքում վկան պատմել էր, որ սպիտակ եւ սեւ մեքենաների վարորդների միջեւ վիճաբանություն է եղել, հայհոյանքներ է լսել, այնուհետեւ՝ կրակոցներ, մինչդեռ դատարանում ասաց, որ ինքը թաքնված է եղել, եւ ոչինչ չի տեսել։
Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ վիճաբանություն է սկսվել սեւ եւ սպիտակ մեքենաների վարոդների միջեւ, հետո նրանց են մոտեցել անվտանգության աշխատակիցներ, որից հետո նրանք իջել են ստորգետնյա ավտոկայանատեղի, հետո հնչել են կրակոցներ։ Վկան նաեւ տեսել է, որ շենքի շքամուտքից մի երիտասարդ տղա վիրավորված դուրս է եկել։
Վկա Նորիկ Սարգսյանն այս հակասությունը բացատրեց նրանով, որ ընկերոջ հետ է եղել այդ օրը, ոստիկանության բաժնում նրանք միասին են ցուցմունք տվել, ընկերը պատմել է, ինքն էլ ասել է, որ համաձայն է նրա պատմածի հետ եւ ստորագրել է ցուցմունքի տակ։
Հաջորդ վկան՝ նույնպես «Վերնիսաժում» աշխատող Սեյրան Օհանյանը, ասաց, որ 4-5 կրակոցի ձայն է լսել, նույնիսկ չի պատկերացրել, որ դա կրակոց է եղել։
«Ես իմացա՝ սալյուտ ա, ես կրակոցներ չեմ լսել, երեւի մի հինգ հատ սալյուտ լսեցի։ Ոչ մի բան չեմ տեսել, միայն ձայներ եմ լսել»,-պատմեց վկան։
Դատախազը նորից հակսություն նկատեց վկայի ցուցմունքում եւ միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը, քանի որ վկան նախաքննության ընթացքում մանրամասն պատմել էր դեպքի մասին, իսկ դատաքննության ընթացքում՝ ոչ։ Դատավորը միջնորդությունը բավարարեց։
Դատարանում այժմ հարցաքննվում է վկա Արկադի Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























