Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ: Այսպես արձագանքեց Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաղաբյանը՝ ի պատասխան մեր հարցի, թե ինչ խնդիրներ ունի ինքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, հատկապես վերջինիս Հրազդանի առեւտրականներին ընդունելուց եւ անվճար տարածքներ տրամադրելու խոստումից հետո:

«Այս երկրում ես ոչ մի հայի հետ խնդիր չունեմ, խնդիր ունեմ միայն թշնամու հետ, հայը իմ համար թշնամի չէ: Ես ճշմարտության հետ խնդիր ունեմ, այսինքն ճշմարտության դրոշը պահողներ կան, ճշմարտության դրոշը քչերն են կարողանում պահել, ես նրանց հետ խնդիր ունեմ. այդ դրոշը բռնողների հետ ես խնդիր ունեմ»,-ասաց նա:

Իսկ թե ինչ կապ ունի Ծառուկյանը ճշմարտության հետ, պատգամավորը շարունակեց իր փիլիսոփայական միտքը. «Ամեն մարդ էլ ճշմարտության հետ կապ ունի, ճշմարտությունը շահագործման միջոց է, եթե անկեղծ չէ, ես սիրում եմ անկեղծ մարդկանց, որոնք ճշմարտության դրոշ են բռնել, մնացածը ինձ հետաքրքիր չէ»,-ասաց Աշոտ Աղաբաբյանը՝ հավելելով. որ «ճշմարտության չափանիշը պրակտիկան է, կապրենք, կտեսնենք»:

Ինչ վերաբերում է խորհրդաժողովին Ծառուկյանի քնած վիճակում արված լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակելուն, Աշոտ Աղաբաբյանն ասաց հետեւյալը. «Ծառուկյանի չլիներ, Պողոսյանը լիներ կամ Աղաբաբայանը, հետաքրքիր նկար էր, գցել եմ, դրա մեջ ի՞նչ կա»:

Անդրադառնալով  Ծառուկյանի վարչապետ խնամու՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսների մասին Hetq.am-ի նյութն իր էջում հրապարակելուն, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ «միամիտ ձեռն է կպել, բայց ոչինչ»: