Հայաստանի եւ Ռուսաստանի հետաքննական մարմինները Վալերի Պերմյակովի գործով ապացույցներ չեն փոխանակում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տրուզյանը հիշեցրեց, որ համակարգող շտաբ է ստեղծվել, որի անդամները պարբերաբար հանդիպումներ, քննարկումներ են անցկացնում, քննչական գործողությունների նախագիծ են մշակում: Այդ հանդիպումների շրջանակում հնարավոր է տեղեկությունների փոխանակում, բայց ոչ ապացույցների: «Կողմերը միմյանց ապացույցներ չեն փոխանցել»,- ընդգծեց Սոնա Տրուզյանը:

Հիշեցնենք. հունվարի 12-ի վաղ առավոտյան հանցագործը Գյումրիում գնդակահարել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Փոքրիկ Սերյոժային, զենքի խափանման պատճառով, հանցագործը դանակահարել էր: Չնայած բժիշկների ջանքերին՝ հունվարի 19-ին Սերյոժա Ավետիսյանը մահացավ:

Հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվում է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Հարուցվել է երկու քրեական գործ. ռուսական կողմը գործ է հարուցել «դասալքության» (ՌԴ Քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ մաս) եւ «սպանության» (ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մաս) հատկանիշներով:

Քրեական գործ է հարուցել նաեւ Հայաստանի Քննչական կոմիտեն: Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («երկու եւ ավելի մարդկանց սպանություն»):