Իրեն որոշակի առաքելություն եւ դեր վերագրող քաղաքական ուժը պետք է հավատարիմ մնա իր արած արտահայտություններինբ եւ պատասխան տա դրանց համար։ Այս մասին փետրվարի 12-ին լրագրողներին Կառավարության նիստի ավարտին  հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Հենց այս պատճառահետեւանքային շղթան է առանձնացնում քաղաքական ուժը բիզնես նախագծից, ընդհանուր հետաքրքրություններ ունեցողների ակումբից կամ քաղաքականության հետ կապ չունեցող այլ միավորներից»,- հավելել է Աշոտյանը։

Աշոտյանը չի մեկնաբանել Արտակ Խաչատրյանի գործով  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների «բացահայտում կամ հրաժարական» հնչերանգով հայտարարությունները։ «Չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ «Բարգավաճ Հայաստանի» բոլոր անդամների բոլոր հայտարարությունները»,- եզրափակել է Աշոտյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։