Փետրվարի 12-ին՝ երեկոյան, Հայաստանի հանրապետական կուսակցությունը կընդունի որոշում, որը կարեւոր է երկրի ամբողջ ներքին քաղաքականության համար: Այս մասին փետրվարի 12-ին կայացած Կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Սպասվում է, որ իշխող կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հրապարակի այդ որոշումը:
«Մեր բոլոր որոշումները կայացվում են բաց ժողովրդավարական քննարկումների ճանապարհով: Եվ հերթական կարեւոր որոշումը կարող է օրակարգային հարց դառնալ հանրապետության ամբողջ ներքին քաղաքականության համար»,-նշել է Աշոտյանը՝ հավելելով, որ կուսակցությունը հետեւում է բոլոր իրադարձություններին եւ արտահայտություններին, այդ թվում նաեւ նրանց, որոնք ունեն հստակ հասցեատերեր եւ անհրաժեշտության դեպքում արձագանքում է դրանց:





























