Մեքքայի հիվանդանոցներից մեկի տնօրենը ստիպված էր հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից՝ իր թվիթերյան էջում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտպանող եւ սիրիական ընդդիմության դեմ ուղղված գրառումներ թողնելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Լոնդոնում հրապարակվող սաուդյան «Ալ-Հայաթ» թերթին:
Մեքքայի առողջապահության վարչության պաշտոնական ներկայացուցիչ Աբդել Վահաբ Շալյաբին հայտարարել է, որ «Շարք Արաֆաթ» հիվանդանոցի տնօրենի աշխատանքից հեռացումը անվտանգության միջոցառում է կապված նրա գրառումների հետ, որոնք կտրականապես հակասում են պետության քաղաքականությանը: Շալյաբին հավելել է, որ համապատասխան ծառայությունները նաեւ փակել են տնօրենի թվիթերյան էջը:
Իր հերթին, Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հալե Մուրգալյանին հայտարարել է, որ գերատեսչությունը գտնում է, որ թագավորության օրենքները պետք է իրականացնեն բոլոր աշխատակիցները, ինչպես նաեւ նրանք պետք է հակված լինեն սաուդյան արժեքներին եւ սոցիալական կարգերին:





























