Գյումրիի բախումների գործով ձերբակալված, ապա մի քանի օր անց ազատ արձակված՝ Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանը ցուցմունք չի տալիս, քանի որ իրեն անմեղ է համարում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հայկ Հարությունյանը:
Նա նշեց, որ դեռ չգիտեն՝ ցուցմունք կտան, թե չէ, բացառված չէ, որ մինչեւ վերջ էլ ցուցմունք չտան: Պաշտպանական կողմը դեռ չի որոշել՝ ինչ գործողություններ են ձեռնարկելու, քննարկում են՝ 2 օր անօրինական կերպով ազատությունից զրկելու հարցով դիմեն դատարան, թե ոչ:
Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով, այս արարքը պատժվում է ազատազրկմամբ 4-7 տարի ժամկետով:
Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն է: Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:





























