ԼՂՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 12-ին իր նիստում որոշում է կայացրել, ըստ որի ավելացված արժեքի հարկից կազատվեն գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավարտուն տեխնոլոգիական ցիկլ անցնող մթերքներից ալյուրը, հացը եւ լավաշը:
Մեկ այլ որոշմամբ՝ գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին կփոխհատուցվի ապրանքի իրացումից առաջացած ավելացված արժեքի հարկի գումարը: Սրանով պետությունը աջակցում է արտադրողներին իրենց արտադրանքը Հայաստանում իրացնելու եւ արտադրությունը զարգացնելու գործում: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է թեթեւ արդյունաբերության զարգացման համար եւս նման գործիքներ մշակել ու կիրառել:
Կառավարության հավանությանն է արժանացել ԼՂՀ-ում կերարտադրության եւ անասնաբուծության զարգացման 2015-2017թթ. ծրագիրը, որով նախատեսվում է բոլոր շրջաններում գյուղատնտեսության ճյուղերի համաչափ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովել` հանրապետությունում նաեւ կերային կայուն բազա ստեղծելու համար:




























