Ադրբեջանի իշխանությունները երկար մտածելուց հետո որոշել են կալանավորել դեռ դեկտեմբերին գերեւարված Արսեն Բաղդասարյանին։
APA-ն, վկայակոչելով զինվորական դատախազությունը, հայտնում է, թե Բաղդասարյանին մեղադրել են դիվերսիայի մեջ։ Ըստ ադրբեջանցիների, Բաղդասարյանն իբր հատուկ պատրաստություն անցած սերժանտ է, պայմանագրային զինծառայող։ Նա հրահանգ է ստացել անցնել ադրբեջանական կողմն ու խրամատներում ականներ տեղադրել։ Ադրբեջանի զինվորական դատախազության պնդմամբ, դիվերսիոն խումբը 7 ֆուգաս է բերել, որոնցից 3-ը տեղադրել են խրամատներում։
Արսեն Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, կանխամտածված սպանության փորձի, պայթյուն իրականացնելու փորձի մեջ։ Բաքվի զինվորական դատարանի վճռով Բաղդասարյանը կալանավորվել է։
Հիշեցնենք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին մինչ օրս չի հաջողվել Ադրբեջանում տեսակցել Արսեն Բաղդասարյանին։





























