Մոլդովայի խորհրդարանը չի հաստատել վարչապետ Յուրի Լյանկեի ներկայացրած նոր կառավարության կազմն ու ծրագիրը։

Փաստաթղթի օգտին քվեարկել են Լիբերալ-դեմոկրատական եւ Դեմոկրատական կուսակցությունների պատգամավորները, որոնք անցյալ տարվա նոյեմբերին կայացած  ընտրությունների արդյունքում խորհրդարանում ձեւավորեցին «Հանուն եվրոպական Մոլդովայի» փոքրամասնական դաշինքը։

Լյանկեին առաջադրած իշխող կուսակցությանը չի  բավարարել 10 ձայն նախարարների կաբինետ ձեւավորելու համար։ Կողմ քվեարկելուց հրաժարվել են լիբերալները, որոնք դուրս էին մնացել կոալիցիայից երկրի ղեկավար առանցքային պաշտոնների բաշխման հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։

Նախարարների նոր կաբինետը աջակցություն չի գտել նաեւ ընդդիմադիր կոմունիստների կողմից։

Կառավարության դեմ է քվեարկել երկրի խորհրդարանի խոշորագույն՝ սոցիալիստական խմբակցությունը, որը վերահսկում է խորհրդարանի մանդատների մեկ քառորդը (25)։