Փետրվարի 10-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնրադ Պավլիկի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվեց երկու պետությունների հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ: Կոնրադ Պավլիկը գոհունակություն հայտնեց լեհ-հայկական տնտեսական փոխգործակցության վերաբերյալ՝ գոհունակություն հայտնելով վերջին ժամանակահատվածում առեւտրի ծավալների շուրջ 2.5 անգամ աճի կապակցությամբ: Երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների համատեքստում նախարարի տեղակալն առանձնացրեց նաեւ Հայաստանի կենսաչափական անձնագրերի տպագրությամբ զբաղվող Լեհական ընկերության եւ ռազմատեխնիկական արդյունաբերության ոլորտի «Լյուբավա» ընկերության հաջող գործունեությունը:
Զրուցակիցներն անդրադարձան 2015թ. երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ կանոնավոր կերպով քաղաքական խորհրդակցությունների անցկացման, ինչպես նաեւ տարվա ընթացքում Երեւանում տնտեսական համագործակցության հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի հետ կապված հարցերին:
Տեղի ունեցավ նաեւ մտքերի փոխանակում Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ:





























