Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծով» փետրվարի 10-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Մաշտոցի 40ա/1 հասցեում գործող «ԵՎԱ եւ ՍՅՈՒԶԻ» ՍՊԸ-ին պատկանող «Շիրակ» խանութում վաճառվում են «Կիթ-Կաթ» ժամկետանց շոկոլադե սալիկներ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի նույն օրը տված հրամանով՝ աշխատակազմի Երեւանի կենտրոնի մասնագետ-տեսուչները դիտարկում իրականացնելու նպատակով այցելել են քաղաքացու նշած վաճառքի կետ եւ դիտարկման արդյունքում հայտնաբերել ժամկետանց 12 հատ «Կիթ-Կաթ» շոկոլադե սալիկներ (վերջնաժամկետը՝ 04.10.2014թ):
Հայտնաբերված սննդամթերքը անմիջապես հանվել է վաճառքից եւ տեղում ոչնչացվել:
Շուկայահանած «Նեսթլե» ընկերության շոկոլադի անվտանգությանը եւ մակնշմանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը գնահատելու եւ ժամկետանց շոկոլադի տարածումը կանխելու նպատակով Ծառայության պետի հրամանով «Կիթ-Կաթ» շոկոլադի դիտարկում է իրականացվել նաեւ «Նեսթլե» ընկերության պահեստում, պիտանիության ժամկետի խախտումներ այստեղ չեն հայտնաբերվել:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է սննդամթերքի իրացման ցանցի բոլոր տնտեսավարողներին նշված ապրանքատեսակի ժամկետանց խմբաքանակը հայտնաբերելու դեպքում հանել այն վաճառքից:





























