Չինաստանի քաղաքացին հինգշաբթի երեկոյան իր մեքենայով դիտավորյալ բախվել է Շանհայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի դարպասներին։ Այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից։

Արդյունքում դիվանագիտական առաքելությունը հսկող զինվորներից մեկը վիրավորվել է, իսկ վարորդը ձերբակալվել է եւ տեղափոխվել ոստիկանական բաժին։

Հյուպատոսարանի ներկայացուցիչը հաստատել  միջադեպը՝ նշելով, որ դա չի անդրադառնա հյուպատոսարանի աշխատակիցների աշխատանքին, հաստատությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով, գրում է «Ինտերֆաքս»-ը։ 

Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ մեքենայի ղեկին եղել է 35-ամյա Լյու Դաոձեն, որը հավանաբար հոգեկան հիվանդությամբ է տառապում։ Դա հաստատել է նրա կինը, որը հայտնել է, որ վերջին ամիսներին իր ամուսնուն թվում էր, թե իրեն հետապնդում են եւ ցանկանում են սպանել։