Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին «նորմանդական քառյակի»՝ Մինսկում կայացրած որոշումը որակել է իբրեւ դրական, սակայն ոչ բավարար արդյունք։
«Սա դրական,սակայն ոչ բավարար արդյունք է, քանի որ իրական ստուգումը կլինի հրադադարի ռեժիմի հաստատումը եւ համաձայնագրով նախատեսված կետերի կատարումը։ Սակայն, անխոս, սա ճիշտ ուղղությամբ կատարված քայլ էր»,- ասել է նա իտալական Radio Anch'io-ի հետ զրույցում։
Խոսելով Մինսկում ձեռք բերած համաձայնությունների իրականացման մասին՝ Մողերինին նշել է, որ դրա աջակցության համար կան մի շարք գործիքներ։ «Մենք կարող ենք ուժեղացնել տեղում դիտորդների առկայությունը, կարող ենք աշխատել ազգային երկխոսության պարզեցման եւ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ, կարող ենք աջակցել նաեւ Ուկրաինայում տնտեսական բարեփոխումներին եւ բարձրացնել հումանիտար օգնության մակարդակը»,- նշել է Մողերինին։
ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ համաձայնության իրականացման կենտրոնական պահը դրա բոլոր կետերի պահպանման մոնիտորինգն է։ «Համաձայնագրով նախատեսված է դրա տարբեր կետերի իրականացման հանդեպ հսկողություն հաստատելու համակարգ։ Կարծում եմ, դա կլինի առանցքայինը»,- մեջբերում է Մողերինիին «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փետրվարի 12-ին Մինսկում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահներն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավարտեցին Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունները, որի արդյունքում ընդունվեց հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր, համաձայն որի՝ հաստատվում է զինադադար, երկու կողմերը դուրս են բերում զինամթերքը՝ 50-140 կմ հեռավորության վրա ապահովության գոտի ստեղծելու համար, ինչպես նաեւ Ուկրաինայում անցկացվում են սահմանադրական բարեփոխումներ։





























