«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթում որեւէ նոր բան չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ բնականաբար նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա խիստ ելույթից հետո պետք է լինեին ինքնապաշտպանական գործողություններ:
«Այսօրվա իր ելույթը համարում եմ ինքնապաշտպանություն: Չեն եղել նման երեւույթներ՝ ինքնակամ դուրս գալ Ազգային անվտանգության խորհրդից, նախագահի առաջարկություն: Բոլորս պետք է գիտակցենք՝ ինչ է նշանակում պետության նախագահ լինելը: Ինչ վերաբերում է մյուս գործընթացներին, նոր չեն այդ հորդորները, ուլտիմատումները, որ կլինեն միտինգներ, ցույցեր, նախկինի կրկնությունն է: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մարտավարությունը, եթե նրանք այդ ճանապարհն են բռնել, դա ամենավատագույն է կամ վատագույններից մեկը: Մենք պատրաստ ենք այդ բոլոր ներքաղաքական մարտահրավերներին, ՀՀԿ-ն բոլոր քայլերը հաշվարկել է, իր համար անսպասելի որեւէ բան չկա»,-ասաց խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելուն, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նույն հաջողությամբ ինքը կարող է ուզել Օբամայի հրաժարականը, միեւնույն է, հիմքեր չկան, ինչ տարբերություն՝ ում հրաժարականն է պահանջում:
«Այդ նույն կոչը կարող էր անել ցանկացած քաղաքացի կամ քաղաքական ուժի ներկայացուցիչ, մենք օրենքի սահմաններում թույլ չենք տա, որպեսզի լինեն անկարգություններ, որպեսզի ներքաղաքական իրավիճակը խարխլվի եւ թույլ չենք տա որեւէ քայլ, որը կվտանգի մեր պետության անվտանգությունը»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։





























