Վրաստանի խորհրդարանի «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Դավիդ Սաքվարելիձեն մասնակցել է Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին եւ պատրաստ է գլխավորել այդ պետական մարմինը։ Ավելի վաղ այդ պաշտոնից հրաժարվել էր Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

Սաքվարելիձեն ուկրաինական «Առաջին ազգային» հեռուստաալիքի ուղիղ եթերում նշել է, որ ինքը ընդգրկված է այդ պաշտոնի թեկնածուների ցուցակում։ «Վրաստանի թիմը վաղուց է աշխատում Ուկրաինայում։ Եթե ուկրաինական հասարակությունը եւ հանձնաժողովը որոշեն այդ գործը վստահել վրացական թիմին, մենք պատրաստ ենք օգնել նրանց»։

Ընդ որում պատգամավորը հույս է հայտնել, որ ինքն ու վրացական թիմը երկար չեն աշխատի Ուկրաինայում եւ շուտով կվերադառնան հայրենիք, ուր կշարունակեն պայքարը «ժամանակակից եւ հաջողակ Վրաստանի համար»։

Ուկրաինայի կառավարությունում նախկինում արդեն պաշտոններ էին ստացել Վրաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչներ։ Այսպես՝ Էկա Զգուլաձեն դարձել էր Ուկրաինայի ներքին գործերի առաջին փոխնախարարի պաշտոնում, իսկ Ալեքսանդր Քվիթաշվիլին գլխավորել էր Ուկրաինայի առողջապահության նախարարությունը։ Լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ Սահակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Միջազգային հարցերով Խորհրդի նախագահ։