Փետրվարի 11-ին Բելգիայի Սենատի նախագահ, տիկին Քրիստին Դեֆրեյնն ընդունեց Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին, որի ընթացքում մտքեր են փոխանակել հայ-բելգիական հարաբերությունների ներկա իրավիճակի, դրանց զարգացման, միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման ուղիների վերաբերյալ:
Այս կապակցությամբ երկուստեք կարեւորվեց Բելգիայի Սենատում Հայաստանի հետ բարեկամության խմբի աշխատանքների եւ միջխորհրդարանական շփումների ու փոխայցելությունների ակտիվացումը: Սենատի նախագահը վստահեցրեց, որ մտադիր է նպաստել Բելգիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա խորացմանը: Անդրադարձ կատարվեց Բելգիայի հայ համայնքի պատմությանը եւ ներկային:
Դեսպան Մարգարյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումներն ու ծրագրերը: Զրուցակցի խնդրանքով` դեսպանն անրադարձավ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքին, տարածաշրջանային զարգացումներին, տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի մասին:





























