Առկա հակամարտությունն ու առճակատումը չի բխում մեր պետականության ու հասարակության շահերից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով երեկվանից տեղի ունեցող գործընթացները:

Նա նշեց, որ վերջին շրջանում ներքաղաքական լարվածությունն ակնհայտ աճում էր, քաղաքական բնականոն բանավեճը սպառնում էր անցել անհանդուրժողականության, անձնական վիրավորանքների, հնարավոր առճակատումների խիստ վտանգավոր, երկրի ու ժողովրդի անվտանգությունը սասանող սահմանը: Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների վերջին հայտարարությունները հաստատեցին իրենց մտահոգությունները:  Արմեն Ռուստամյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներն են այն միջոցը, որը բոլորին կպարտադրի առաջնորդվել այս սկզբունքներով, Ազգային ժողովը կդառնա լիարժեք քաղաքական մարմին, երկրում կձևավորվի նոր որակի իշխանություն, համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ և քաղաքական գործունեության նպաստավոր դաշտ: «Համոզված ենք, որ հենց սահմանադրական փոփոխություններն են ապահովելու մեր ազգային-պետական խնդիրների լուծումը, նպատակների իրագործումը, ազգային համերաշխության ու միասնականության ձևավորումը: Այսօր, երբ մեր սահմաններին չեն դադարում հակառակորդի հարձակումները, երբ մենք ազգովի պատրաստվում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բոլորիցս պահանջվում է հանդես գալ ազգային միասնականության ապահովման դիրքերից: Մենք համոզված ենք, որ առկա հակամարտությունն ու առճակատումը չի բխում մեր պետականության ու հասարակության շահերից: Մենք խոհեմության, սթափության և միասնականության կոչ ենք անում»,-ասաց ՀՅԴ անդամը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։