Ռուսաստանի Դաշնության  Պրիկամյեի շրջանում Ադրբեջան փայտ արտահանելիս ԱԱՀ գումարները յուրացնելու գործով հարուցված քրեական  գործը քննելիս երկու հայի սպանություն է բացահայտվել։ Հետաքննության տվյալներով՝ ձեռներեց ոմն Աֆիք Ալիեւը, հանդիսանալով «Լեսինվեստ» ԲԲԸ փաստացի ղեկավարը, մի շարք ֆորմալ գործարքներ է կնքել իր ենթակայության տակ գտնվող անտառահատող ընկերությունների հետ, ինչը նրան հնարավորություն է տվել դիմել ՌԴ Հարկային ծառայություն՝ պետական բյուջեից ԱՀՀ փոխհատուցելու համար։ Գործի քննության ժամանակ իրավապահների կողմից բացահայտվել է  ՌԴ Սոլիկամսկ քաղաքի ճարտարապետ Օլգա Կարապետյանի սպանությունը։ Հայուհուն սպանել էր ադրբեջանցի հատուկ նշանակության ջոկատայինը։

Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, քրեական գործի հետաքննության ժամանակ իրավապահները բացահայտել են Պերմի բնակիչ Արթուր Աբրահամյանի եւ Սոլիկամսկի գլխավոր ճարտարապետ Օլգա Կարապետյանի սպանությունները։ Պարզվել է, որ Աֆիք Ալիեւի մոտ իբրեւ թիկնապահ էին աշխատում հատուկ նշանակության ջոկատի նախկին ծառայողներ Ազար Աքբարովն ու Էլդանիս Մամեդովը։ Ազար Աքբարովի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է TT տեսակի ատրճանակ՝ 34 փամփուշտով եւ խլացուցիչով։ Աքբարովի տանը հայտնաբերվել էր նրա հեռախոսի ֆլեշ քարտը՝ այն զենքի լուսանկարով, որից սպանվել էր Օլգա Կարապետյանը։ 

Արթուր Աբրահամյանի սպանության համար Ազար Աքբարովը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, իսկ Օլգա Կարապետյանի վարձու սպանության համար եւս 23 տարի խիստ ռեժիմով աշխատանքային գաղութում։ Էլդանիս Մամեդովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Սպանության կազմակերպիչը չի հայտաբերվել։