Ազգային ժողովի աշխատակազմը շարունակում է ուսումնասիրել բոլոր պատգամավորների բացակայությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Նա նշեց, որ ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է,այն չի ավարտվել, հավելյալ տեղյակ կպահի: «Կարծում եմ՝ այս շաբաթ կավարտվի ուսումնասիրությունը,  բայց թե որ օրը, չեմ կարող ասել»,-ասաց վարչության պետը: Որոշումը կայացնելուց հետո ԱԺ նախագահը մանդատից զրկելու հարցով արդեն դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։

Նշենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ գործընթաց է սկսվելու Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ, նշելով, որ 2013-2014թթ. ՀՀ ԱԺ 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին:

Այնուհետեւ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ԱԺ նախորդ՝ աշնանային նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 4-ն ընկած ընթացքում ամենաշատ բացականեր ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա 55 անգամ չի ներկայացել նիստերին:

2-րդ տեղում  ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է. ունի 48 բացակա:

3-րդ տեղում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է՝ 46 բացակա:

4-րդ տեղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանն է՝ 41 բացակա:

5-րդ տեղում ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն է՝ 33 բացակա:

6-րդը դարձյալ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն է՝ «Յուվեցի Կարոն»՝ 33 բացակա:

7-րդը ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանն է՝ 32 բացակա:

8-րդը՝ «Երդվյալ ազատամարտիկներ» ՀԿ նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանն է՝ «Ծաղիկ Ռուբոն»՝ 31 բացակա:

9-րդը գյումրեցի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է՝ 31 բացակա:

10-րդ հորիզոնականը զբաղեցնում է նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ, այժմ ԲՀԿ շարքերը համալրած պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ 29 բացակայություններով»:

Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ելնելով ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից և համադրելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 8-րդ մասը՝ ակնհայտ է, որ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից բացակայելու առկայության դեպքում Ազգային ժողովի նախագահը պարտավոր է ստորագրել պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն՝ այն սահմանված ժամկետով ուղարկելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: