Վերջին շրջանում ոստիկանությունն ավելի կոպիտ եւ ծայրահեղական միջոցներ է կիրառում ցանկացած տեսակի ակցիայի մասնակիցների նկատմամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը:

«Ակցիայի բուն էությունը, մասնակիցների թիվը, ակցիայի դրսեւորման ձեւերն արդեն որեւէ նշանակություն չունեն: Ոստիկանությունն ունի մեկ հստակ գործելակերպ՝ բռնի ուժ կիրառելով ակցիայի մասնակիցների նկատմամբ խափանել այն»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:

«Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահը, անդրադառնալով փետրվարի 11-ին նախագահականի դիմաց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության գործողություններին, նշեց, որ  ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն եղել:

«Երբ ոստիկանները իրենց ուզածը պահանջել են, մասնակիցները համաձայնել են ինքնակամ հեռանալ: Ոստիկանության կողմից նման ձեւով քարշ տալով փողոցի մի ծայրից մյուս ծայրը տանելը չի կարող արդարացվել, տվյալ պարագայում նրանց գործողություններն արդարացնող ոչ մի օրենք չի կարող վկայակոչվել: Յուրաքանչյուր ոստիկան պետք է պատասխանատվության ենթարկվի եւ հաշվետու լինի մայրերի առաջ»,- ասաց Հարությունյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ 2013թ.  ոստիկանները սկսել են ավելի կտրուկ ոչ համաչափ գործողությունների դիմել խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ:

«Ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից այնպիսի բռնություններ են կատարվում, որ արդեն մոտենում է ողբերգության»,-ասաց Իշխանյանը:

Անդրադառնալով փետրվարի 11-ին նախագահականի դիմաց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության գործողություններին՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը համոզմունք հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցները պատասխանատվության չեն ենթարկվի, եւ որ հայտարարված ծառայողական քննությունը ձեւական բնույթ է կրում:

«Ոստիկանները շատ մեծ ցանկությամբ չեն կատարում այդ բռնությունները, նրանք հրաման են կատարում, որը գալիս է վերեւից։ Ոչ մի պատիժ չի լինի: Իսկ ծառայողական քննությունը ձեւական է, այս դեպքով ոչ մի ոստիկան գոնե նկատողություն չի ստանա»,- ասաց Իշխանյանը:

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրեր Գոհար Սարգսյանը եւ Անահիտ Մկրտչյանը  նշեցին, որ ոստիկանություն են դիմել, որտեղ ասել են՝ «ոստիկանները ճիշտ են վարվել, նույնիսկ կարող էին դուբինկեքով ծեծել»:

Զոհված զինծառայողների ծնողները նշեցին, որ իրենք շարունակելու են պայքարել, մինչեւ՝ իրենց որդիների սպանությունները բացահայտվեն եւ բոլոր մեղավորները պատժվեն: