Իրանը միշտ պատրաստ է դեր ստանձնել ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը:
Հիշեցնելով, որ Իրանը սահմանակցում է հակամարտության գոտուն (մոտ 100 կմ սահմանով), իրանցի նախարարը նշել է, որ Իրանը ցանկանում է հակամարտության կարգավորում խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա:
«Մենք ուզում ենք, որպեսզի մեր հարեւանները լինեն անվտանգ ու կայուն: Մեր բոլոր հարեւանները կարեւոր են մեզ համար: Ադրբեջանը մեր ամենակարեւոր հարեւան է: Մենք սերտ կապեր ունենք այդ երկրի հետ, ուստի որեւէ հակամարտություն տխրեցնում է մեզ: Իրանը լրջորեն օգնել է Ադրբեջանին այդ հակամարտությունում: Մենք միշտ ցանկացել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջողությամբ ավարտի իր գործունեությունը եւ հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասել է նախարարը:





























