Ուրուգվայի կրթության ազգային աշխատակազմը ուշադրություն կդարձնի Հայոց ցեղասպանությանը։ Ինպես ասված է աշխատակազմի պաշտոնական կայքում տեղ գտած հաղորդագրության մեջ, այս մասին հայտարարել է կառույցի ղեկավար խորհուրդը։
Խորհուրդը հաշվի է առել 50 տարի առաջ Ուրուգվայի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստն ու 2007թ. նոյեմբերին Մերկոսուրի խորհրդարանի 7-րդ լիագումար նստաշրջանում ընդունված հռչակագիրը։
Աշխատակազմի հաղորդագրության մեջ կարճ տեղեկություններ են հաղորդվում 1915թ. կատարված իրադարձությունների մասին. «Հայոց ցեղասպանության տարեթիվը ընդունված է համարել 1915. ապրիլի 24-ը։ Այդ օրը ձերբակալվեցին Ստամբուլի հայ համայնքի 235 կարկառուն դեմքեր։ Դրան հաջորդած օրերի ընթացքում այդ թիվն աճեց մինչեւ 600-ի։ Այնուհետ օսմանյան կառավարության հրամանով կարգադրվեց աքսորել համայն հայ բնակչությանը, առանց իրավունքի բռնագրավել նրանց պատկանող շարժական գույքը եւ ոտքով քշել նրանց դեպի անապատներ, որտեղ եւ նրանց մեծ մասը մահացավ քաղցից, ծարավից եւ զրկանքներից։
Հայերին պաշտպանելու համար նրանց կցված ոստիկանները ելուզակների եւ մարդասպանների խմբերի հետ միասին իրենք էին թալանում եւ հարձակվում հայերի վրա։ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը չի ժխտում հայերի կոտորածները, սակայն դրանք չի որակում իբրեւ ցեղասպանություն։ Հերքելով հայերին բնաջնջելու վաղօրոք մշակած ծրագրերը՝ Թուրքիան դրանք վերագրում է միջէթնիկ կոնֆլիկտներին եւ Առաջին համաշխարհային պատերազմով պայմանավորված սովի եւ հիվանդությունների առկայությանը։ Սակայն, չնայած սրան, գրեթե բոլոր գիտնականները, այդ թվում՝ որոշ թուրքեր, վստահ են, որ այս իրադարձությունները որակվում են հենց ցեղասպանություն եզրով»։
Հիշեցնենք, որ Ուրուգվայը աշխարհում առաջին պետությունն էր, որը 1965թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։





























