Գյումրիում փետրվարի 15-ին հերթական անգամ բռնություն են գործադրել շտապօգնության աշխատակիցների նկատմամբ:

NEWS.am-ի թղթակցին Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյան եւ Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում. ավտովթարից հետո տուժածներից մեկին հիվանդանոց տեղափոխելիս նրա եղբայրը կոտրել է շտապօգնության դուռը, այնուհետ քաշքշել վարորդին ու բուժակին, հայհոյել նրանց:

«Այս անգամ էլ առանց պատճառի էր ամեն ինչ. ոչ ուշացել էր մեքենան, ոչ էլ, հարբած են եղել: Ուղղակի արդեն մեզ մոտ սովորույթ է դարձել բժիշկների նկատմամբ նման վերաբերմունք դրսեւորելը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ շտապօգնության մեքենան այս պահին ավտովերանորոգման կետում է, ավելի քան 70 հազար դրամի վնաս է հասցվել:

«Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում»,- նշեց մարզի առողջապահության վարչության պետը: