«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող, «Կասեցում» շարժման ակտիվիստ, օրերս ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանը ոչ հաստատում է, ոչ էլ բացառում ԲՀԿ-ական անդամի կողմից ծեծի ենթարկվելու հնարավորությունը:

Այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը Արտակ Խաչատրյանը հայտնեց, որ ամեն դեպքում իրեն չեն պահել «Տեցի կռուգ»-ում գտնվող նախկին «Հայկոոպի» բազայի տարածքում, որտեղ այժմ գործում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում։

«Ես չեմ կարող բացառել կամ հաստատել մի բան, որի մասին հստակ չգիտեմ: Կա քրեական գործ, երբ որ բացահայտվի, կասեմ՝ Աբրահամ Մանուկյանն է արել, թե ոչ: Ինքս անձամբ մասնակցել եմ այդ ստուգումներ կոչվածին, բայց համենայն դեպս, ես հերքել եմ եւ հայտարարել եմ, որ չեմ գտնվել այդ վայրում: Գործի մեծ մասն անհայտ է, իսկ անհայտության մասին խոսելը ենթադրությունների մակարդակով ես լուրջ չեմ համարում»,- ասաց ծեծված ակտիվիստը:

Նա հայտնեց, որ շարունակելու է պայքարը, իր կյանքում ոչինչ չի փոխվել:

Նշենք, որ փետրվարի 14-ին խուզարկություններ են տեղի ունեցել ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող ՍՊԸ-ում: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Արտակ Խաչատրյանը ցուցմունք է տվել իրեն առեւանգելու եւ ծեծի ենթարկելու հանգամանքների վերաբերյալ, որոնք ստուգելու ուղղությամբ էլ փետրվարի 14-ին կատարվել են որոշակի քննչական գործողություններ:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին դիմակավորված եւ զինված անհայտ անձիք առեւանգել են: Նույն օրը երեկոյան Արտակը տուն էր հասել ծեծված վիճակում, այնուհետեւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։ Քննչական կոմիտեն պարզել է, թե ինչ մեքենայով են առեւանգել Արտակ Խաչատրյանին։