Երեւանում, փետրվարի 16-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի եւ Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին են հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառներ` 32-ամյա Մարինե Ս.-ին, 41-ամյա Նաիրա Հ.-ին, 37-ամյա Հայկուհի Մ.-ին եւ 32-ամյա Սիրանուշ Վ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է նաեւ, որ նշված սենյակներում հեռուստացույցով հեռարձակվում են պոռնոգրական նյութեր պարունակող ֆիլմեր: Կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ այդ հյուրանոցային համալիրը պատկանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) Ռուբոյի ընտանիքին:

Այս առնչությամբ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Գեւորգյանը վստահեցրեց, որ իր ընտանիքին պատկանող հյուրանոցը մարմնավաճառներին ծառայություն չի մատուցում: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ երեկ երեկոյան՝ ժամը 22.00-ի սահմաններում, քրեական վարչության աշխատակիցները, հատուկ ջոկատայինները շրջապատել են իր ընտանիքին պատկանող հյուրանոցը, խուզարկել, մտել բոլոր սենյակները, ինչը տարրական իրավունքների ոտնահարում է:

Պատգամավորը շեշտեց, որ իրենց համար սպասելի էր այն, ինչ կատարվեց: Նրա փոխանցմամբ՝ հյուրանոցը բարձրակարգ է, այդտեղ հանգստանում են օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյաններ, դեսպաններ, ունեն բազմապիսի հյուրեր, ապահովված է բոլոր հարմարություններով, այդտեղ հաճախում է էլիտան:

Ինչ վերաբերում է հյուրանոցի սենյակներում մարմանավաճառներ հայտնաբերելուն, պատգամավորը հետեւյալ կերպ հակադարձեց. «Մարմնավաճառները կարող են լինել ամեն տեղ՝ ավտոբուսում, տրանսպորտում, տաքսի մեքենաների մեջ, հյուրանոցի տնօրինությունը պետք է թեստավորի՞, զննումնե՞ր կատարի: Ինչո՞վ կարող են մեղադրել հյուրանոցի տիրոջը կամ տնօրինությունը, հյուրանոցը նրանց չի սպասարկում, նրանք դրսից են եկել իրենց ընկերների հետ, մենք հո այցելուներին չե՞նք ստուգելու: Այդպես նրանք փորձում են սեւացնել հյուրանոցի սեփականտիրոջը, իրենց կատարած գործողության բնույթը պարզ է, հասկացողները ծիծաղով կընդունեն, դա հետապնում է, թող հետապնդեն, ստուգեն, լարվածություն ստեղծեն: Բայց Գեւորգյան Ռուբենի վրա ինչո՞վ կարող են ճնշել, Գեւորգյան Ռուբենը հանցագո՞րծ է, ավազա՞կ է: Պատերազմին եմ մասնակցել, հրամանատար մարդ եմ, միշտ իմ ժողովրդի կողքին, նրա խնդիրներով մտահոգ: Թող էդ մարմնավաճառ երեւույթն իր մեջ ման գա իշխանությունը, իրենց ղեկավարման շնորհիվ է, որ այդ շերտը ի հայտ է եկել»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է պոռնոֆիլմեր ցուցադրվելուն, նա նշեց, որ դրանք հեռուստատեսությամբ, կայքերով էլ են ցուցադրվում, հիմա մարդ կա, սիրում է կենդանիների աշխարհ նայել, մարդ էլ կա նման բաներ է նայում, թող արգելափակեն այդ կայքերը, ալիքները, որ չցուցադրվի: