Սերժ Սարգսյանի ելույթը մարտահրավեր էր ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլեւ ամբողջ ազգին: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ ավելացնելով, որ այդ մեղադրական ելույթով նախագահը փաստեց, որ Գագիկ Ծառուկյանը կայացած քաղաքական գործիչ է եւ լուրջ վտանգ է ներկայացնում նախագահի վերարտադրման ճանապարհին:

«Մեր երկրի միակ չարիքը գործող համակարգն է, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը: Ծառուկյանի տնտեսական եւ քաղաքական գործունեության արդյունքում չէ, որ Հայաստանը ունեզրկվել է եւ դատարկվել: Մեր երկիրը վտանգված է, քանի դեռ գործում է սերժսարգսյանական կլանը»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը իր պատասխան ելույթով հաստատեց, որ ուժեղ է եւ ընդունում է Սերժ Սարգսյանի «տղայական» մարտահրավերը՝ վայելելով ժողովրդի եւ Եռյակի համակրանքն ու աջակցությունը: