ՍԴՀԿ-ն ողջունում է հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը:

Այս առթիվ ՍԴՀԿ տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Ս.Դ. Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչությունը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի 16/2/2015 թ-ի «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն ՀՀ Ազգային Ժողովից հետ կանչելու որոշումը:

Այս որոշումը Հնչակյանների ցանկությունն էր, որը արտահայտվեց 2013 թ-ի սեպտեմբերին ՍԴՀԿ 20-րդ Համագումարի համապատասխան որոշումով: Այս որոշումով նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հետակա հարաբերությունները դրեց առողջ հիմքի վրա»:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվեց 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրություն» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն» ստորագրեցին, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն արդեն 2009 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման: 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կանգնեցնելու մասին՝ փաստելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Փաստաթղթերի վավերացման գործընթացը Թուրքիայի խորհրդարանում նույնպես սառեցված է: