Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է գոհացնել ՀՅԴ-ին, որի քայլերը վերջին հինգ ամիսներին տանում են դեպի կոալիցիա: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Չեմ բացառում, որ Դաշնակցությունը կոալիցիայի անդամ դառնա, քանի որ նրա քայլերը արդեն հինգ ամիս է՝ դրան են տանում»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Արձանագրություններն ԱԺ-ից հետ կանչելու պատճառների պաշտոնական մեկնաբանությունը Լյուդմիլա Սարգսյանը համարում է ծիծաղելի։
ՀԱԿ պատգամավորի կարծիքով՝ վավերացնելով այդ արձանագրությունները՝ Սերժ Սարգսյանն ակամա կասկածի տակ է դրել Հայոց Ցեղասպանության փաստը եւ ճանաչումը:
«Սերժ Սարգսյանը ամեն ինչ արեց այդ արձանագրությունների վավերացման ժամանակ՝ ստորագրություններ դնելով արձանագրությունների տակ, որպեսզի իրականում կասկածի տակ դնի Ցեղասպանության փաստը, որպեսզի կանխի Ցեղասպանության ճանաչումը աշխարհում: Ես չեմ ասում, որ դա նա նպատակային է արել, դա խոսում է իր պետական գործչի տեսակի մասին, որը հասուն չի եւ չէր կարելի երբեւիցե թույլ տալ, որ Հայոց Ցեղասպանության հարցը դրվի մեր արտաքին քաղաքականության անկյունաքարում, որովհետեւ դա դարձավ շահարկման առարկա»,-նշեց Լյուդմիլա Սարգսյանը:





























