«Հայազն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է բռնապետական գործելաոճով անձնական իշխանությունը երկարաձգելու, առանց միջոցների խտրականության հակառակորդներին ասպարեզից հեռացնելու, իրավական լծակները սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու Սերժ Սարգսյանի փորձերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայազն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Առանձնապես մերժելի են նրան ձայնակցող իշխող վարչախմբի եւ ՀՀԿ ակտիվի առանձին ներկայացուցիչների ստորաքարշ դրսեւորումները, ինչպես նաեւ քաղաքական հրահանգները կատարող իրավապահների ապօրինությունը:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ «Հայազնը» քաղաքական ընդհանուր նպատակներ չունի իշխող վարչախմբի թիրախ դարձած գործչի, նրա սեփական եւ աջակից կուսակցությունների հետ:

Մենք չենք հավատում «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» օգտակարությանը եւ շարունակում ենք հավատարիմ մնալ տարիներ շարունակ ժողովրդին թալանած, պետական ինքնիշխանությունը վաճառքի հանած, երկիրը վտանգած օլիգարխիական համակարգը ամբողջությամբ կազմաքանդելու եւ այդ նպատակով ընդդիմության նոր` ոչ ռեւանշիստական, ներքին ժողովրդավարությամբ օժտված, գաղափարապես ավելի ազգային եւ իսկապես հեղափոխական ձեւաչափի կայացման մեր ծրագրային խնդիրներին:

Այնուամենայնիվ «Հայազն» կուսակցությունը պաշտպանում է արտահերթ եւ արդար ընտրությունների պահանջը` ոչ միայն նախագահական, այլեւ խորհրդարանական, վերջինս ավելի կարեւորելով նոր ազգային ընտրանու ձեւավորման գործում:

Կեցցե ազգային հեղափոխությունը»: